ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 May 2024

«Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով երկամսյա դասընթաց

  Օտար լեզուների իմացությունը սպասարկման ոլորտում հիմնական աշխատանքային գործիքներից է: Լեզվի արդյունավետ ուսուցումը երաշխավորում է, որ անհատները կարող են հստակ արտահայտվել և հասկանալ ուրիշներին՝ հեշտացնելով հարթ փոխազդեցությունները հատկապես  մասնագիտական ​​միջավայրերում:

  ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մայիսի 3-ին տեղի ունեցավ «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով երկամսյա դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:  

   «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համատեղ կազմակերպած դասընթացների արդյունքում Հարկ վճարողների սպասարկման վարչության 50 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել  ռուսաց լեզվի իմացությունը Դասընթացները տեղի ունեցան  և՛ առցանց, և՛ առկա տարբերակներով:

  ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի Ուսումնական մասի պետ  Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասընթացավարներին և  կարևորեց այն փաստը, որ աշխատակիցները հատկապես ուրախ էին, որ կար առցանց միացման հնարավորություն, ինչի շնորհիվ դասընթացներին կարողացան միանալ մասնակիցներ Հայաստանի բոլոր մարզերից:

  «Մասնակիցների գոհունակությունը պայմանավորված է առավելապես նրանով, որ դասընթացները վարում են լեգենդար ռուսագետ Լիլիա Բալասանյանը և Կապանի աստղ Լյուդմիլա Աղախանյանը։ Նրանք ոչ միայն որակյալ դասավանդում, այլ նաև բարեհամբույր մթնոլորտ են ապահովել», — նշեց Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

  Լեզվի ուսուցումը ոչ միայն քերականության և բառապաշարի յուրացումն է, դա իմաստալից մտքեր կազմելու, գեղեցիկ հաղորդակցվելու և անձնական աճին նպաստելու միջոցներից մեկն է: