ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 September 2023

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում

Սեպտեմբերի  1-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ  արդեն ավանդույթ դարձած Գիտելիքի, գրի և դպրության օրվա խորհուրդն արտահայտող և Կենտրոնի գործունեության ներկայացմանը վերաբերող միջոցառումը:

Կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ առանձնակի նշելով ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի և  ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի ունեցած ներդրումը իրականացվող աշխատանքներին:

«Սովորելը դա մտածելակերպ է, վարքագիծ է, կենսակերպ է և ի վերջո ընտրություն է գիտակից անձի համար, եթե վերջինս ներկայիս սրընթաց տեմպերով զարգացող աշխարհում կարևորում է իր «ես»-ի կիրթ ու կրթված լինելը: Անհատը չի կարող մրցունակ ու ճկուն լինել  փոփոխվող միջավայրում, եթե գիտելիքի, կիրառվող մոտեցումների վերանայում, վերափոխում կամ հնի կիրառման հիմնավորում չի կատարում նորի հետ առնվազն ծանոթանալուց հետո: Եվ ի վերջո, սովորելը  ժամանակավոր երևույթ դիտարկելը փաստում է մտածողության ստեղծագործ ու նորարար լինելը սահմափակելու մասին»:

Միջոցառմանը ընթացքում ներկայացվեց Կենտրոնի 11 տարիների գործունեության արդյունքները՝  կարևորելով 2022 և 2023 թվականներին ունեցած նշանակալի ձեռքբերումները:

2022թ-ին Ուսումնական կենտրոնի ղեկավարության կողմից մշակվել է Հայեցակարգային փաստաթուղթ, որում նշված խնդիրների հաղթահարմամբ և սահմանված կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին համապատասխան Ուսումնական կենտրոնը ծավալում է իր  ներկայիս գործունեությունը՝ կյանքի կոչելով`

  • նոր ծրագրեր, 
  • նախաձեռնություններ,
  • ընդլայնելով համագործակցության շրջանակները, 
  • արդիականացնելով լսարանային պայմանները:

Կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը նշեց, որ Ուսումնական կենտրոնը  շարունակաբար մեծ դերակատարում է ունենալու տարբեր լսարանների  համար կրթական դասընթացների մշակման և իրականացման գործում, ոլորտի մասնագետների վերապատրաստման, ուսուցման և թեստավորման գործընթացների կազմակերպման և անցկացման գործընթացներում:

«Կենտրոնի արժեհամակարգը ոչ նյութական  արժեքների ու չանձնավորված կայուն հարաբերությունների ամբողջությունն է: Պետականամետ գործունեությունն ու աշխատանքային մշակույթին հետևողական լինելը մեր ամենօրյա աշխատանքային գործունեության հենասյուներն են: Առաջնահերթությունների հստակ տարանջատումը, ճկուն գործելաձևը, գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների ապահովումը և անընդհատ զարգանալու մոտեցումները նպաստում են մեր Կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը»,-եզրափակիչ խոսքում նշեց Կենտրոնի ղեկավարը: