«Սահմանային կառավարում ավագ անձնակազմի համար» 35-րդ դասընթաց
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատակից Անի Ջաբաղյանը հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 10-ը մասնակցեց Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության «Սահմանային կառավարում ավագ անձնակազմի համար» 35-րդ դասընթացին (35th BMSC Border Management Senior Staff Course) Դուշանբե քաղաքում:
Մեր աշխատակցի արդյունավետ ու օգտակար մասնակցությունը վկայում են դասընթացի ավարտին տրվող 3 գնահատականներից 2-ին արժանանալը՝
1.Թիմային լավագույն աշխատանք– 7 հոգանոց թիմային աշխատանքի ղեկավարումը իրականացրել է Անի Ջաբաղյանը:
2.Լավ առաջնորդ -9 երկրներից 25 մասնակիցներ:
Թիմային լավագույն աշխատանք– Թեզի պաշտպանությունը դասընթացի կարևոր բաղադրիչն է, որն ավարտվում է մասնակիցների հետազոտական և վերլուծական հմտությունների խիստ քննությամբ: Թեզերը անդրադառնում են ազգային անվտանգության բարդ մարտահրավերներին, իսկ պաշտպանությունը հնարավորություն է տալիս մասնակիցներին ցուցադրել իրենց գիտելիքներն ու փորձը փորձագետներից կազմված խմբին:
Թեզի թեման եղել է «Թմրանյութերի դեմ պայքարի առաջադեմ մոտեցումները 5 երկրների օրինակով վերջին 5 տարիներին», որի շրջանակներում Անի Ջաբաղյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՀՀ քաղաքականությունը և անդրադարձել ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքներին:
Լավ առաջնորդ լինելու համար տրված հավաստագիր-Սա տրվում է թիմին առաջնորդելու, ոգեշնչելու և համատեղ արդյունքներ ապահովելու համար: Ավագ անձնակազմի 35-րդ դասընթացին մասնակցել են սահմանային անվտանգության և կառավարման միջին և բարձրաստիճան պետական ծառայողներ Հայաստանից, Վրաստանից, Հունգարիայից, Հորդանանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Թաիլանդից և Թուրքիայից:
Այս մեկամսյա դասընթացի նպատակն է ներկայացնել ԵԱՀԿ սահմանների անվտանգության և կառավարման հայեցակարգի սկզբունքներն ու չափանիշները: Դասընթացը ներառում է յոթ մոդուլներ, որոնք ներկայացվում են տարբեր դասընթացների և ուսուցման մեթոդների միջոցով և արտացոլում են ԵԱՀԿ բոլոր երկրների հաջողության պատմություններն ու լավագույն փորձը:
ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության) անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 հարթություններով՝` ռազմաքաղաքական /անվտանգության, տնտեսական-բնապահպանական և մարդկային, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ համապարփակ և անբաժանելի անվտանգության հայեցակարգի հիմնասյուները:
Դասընթացի մասնակիցները ներկայացրել են նաև իրենց կազմակերպությունների գործունեությունը, կիսվել իրենց երկրների փորձով և տարբեր անդրսահմանային սպառնալիքներին դիմակայելու մոտեցումներով:
Դասընթացի մասնակիցները մասնակցել են նաև բարեգործական նախաձեռնության մանկատան երեխաների համար: