Ռուսերեն լեզվի դասընթացների նոր փուլի պաշտոնական մեկնարկ
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ռուսերեն լեզվի դասընթացների նոր փուլի պաշտոնական մեկնարկը՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (Российский университет дружбы народов(РУДН)) և «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսների ներգրավմամբ սկսվում է դասընթացների շարք 105 մաքսային ծառայողների համար՝ հեռավար ձևաչափով։ Դասընթացի կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային ծառայողների աշխատանքային միջավայրում ռուսերեն լեզվի կիրառման ամենօրյա պահանջով։
Համագործակցությունը տվյալ հարթակում ունի շարունակական և բարձր արդյունքներով ամրագրված բնույթ։ 2022 թվականից սկսած՝ «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցիչների աջակցությամբ և լավագույն մասնագետների ներգրավմամբ, ռուսերեն լեզվի դասընթացներին մասնակցել են 400-ից ավելի հարկային և մաքսային ծառայողներ։
Վերջերս ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը համատեղ աշխատանքների ընթացքում ձևավորված ժամանակակից և կարևոր համագործակցային հարթակի արդյունքն է։