ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
16 September 2025

Կրթվելը հավերժ է.համագործակցության հուշագիր Պետական եկամուտների կոմիտեի և ՀՊՏՀ -ի միջև

 

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի նախաձեռնությամբ ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև,  ինչպես նաև տեղ ունեցավ «Ուսանողից՝ ղեկավար» խորագրով հանդիպում ՀՊՏՀ ուսանողների հետ։

Հուշագրի նպատակն է՝

  • Նպաստել մասնագիտական կրթության առաջխաղացմանը և կրթական ծրագրերի որակի բարելավմանը,
  • Երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ խորացնելու և ամրապնդելու իրենց գիտելիքները,
  • Ակադեմիական անձնակազմին ապահովել մասնագիտական հմտությունների զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման հնարավորություններով,
  • Խթանել կիրառական հետազոտությունները և ոլորտային վերլուծությունները,
  • Աջակցել արդյունքահեն հետազոտությունների ներդրմանը պետական ֆինանսական համակարգում,
  • Հաստատել փոխշահավետ համագործակցություն,
  • Զարգացնել բուհ-աշխատաշուկա կապերը և մշակել ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը  նախաձեռնությունը  համարեց պատմական՝ նշելով, որ երկար տարիներ անց կրկին հանդիպում է իր երբեմնի դասախոսներին, այս անգամ՝ որպես գործընկեր։

«Այսօր էլ խոսեցինք պարոն Գրիգորյանի հետ, նրա մասին որ այս պատմական պահը իմ երազանքներից է եղել, որովհետև, երբ որ դու ինչ որ մի համալսարանից սկսում ես քո մասնագիտական ճանապարհը և ինչ որ առաքելություն ես ձևավորում քեզ համար, այդ ընթացքում միշտ երկրորդ ընտանիքի կարոտով ոււզում ես վերադառնալ և իր հետ ինչ որ մի հետաքրքիր կյանքի փուլ սկսել և, իրականում, մենք այսօր հենց մեկնարկում ենք հետաքրքիր համագործակցության փուլ, որովհետև այսօր պայմանավորվեցինք որ շատ հոգատար պետք է նայենք այդ պայմանավորվածություններին և կյանքի կոչենք` ցույց տալով, որ որևէ ինստիտուտ՝ կլինի մասնավոր թե պետական, շատ էական դեր ունի, որովհետև վերջին հաշվով մենք բոլորս մեկ նպատակի ենք ծառայում»։

ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ ստորագրվող հուշագիրը պետք է վերածվի գործնական քայլերի՝ կարևորելով հետևողականությունը դրա իրականացման գործընթացում և նշանավորեց ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դերը նախաձեռնողականության, մասնագետների պատրաստման և շարունակական կրթության ապահովման հարցում:

Միջոցառման երկրորդ մասում նախագահը հանդիպեց ՀՊՏՀ ուսանողների հետ, որի ընթացքում  կիսվեց իր կյանքի փորձով, խոսեց հաջողությունների, երազանքների և դրանց իրագործման ճանապարհի մասին։ Անդրադառնալով մրցակցությանը՝ նշեց, որ ամենաբարձր մրցակցությունը այն է, երբ մարդը մրցում է ինքն իր հետ:

ՊԵԿ նախագահը եզրափակեց իր խոսքը հետևյալ արտահայտությամբ՝ «Կրթվելը հավերժ է»։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Էդուարդ Հակոբյանին ուսանողների հետ ունեցած բովանդակային ու բաց քննարկման համար՝ շեշտելով, որ բարձրացված հարցերը կարևոր են ուսանողների ապագա հաջողությունների համար։ Նրա խոսքով ամեն ինչ կախված է ուսանողի վերաբերմունքից՝ սեփական կրթության և ապագայի նկատմամբ։ 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան ուսանողների հետ։ Լավագույն երկու հարցերի հեղինակները պարգևատրվեցին նվերներով։

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ սա թվով երրորդ հուշագիրն է, որը փաստում է կենտրոնի արդյունքաստեղծ գործունեության ու զարգացման շարունակականության մասին։