ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 February 2026

Կիբեռանվտանգությանը վերաբերող դասընթացների շարք

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում մեկնարկել է «Տեղեկատվական անվտանգություն և կիբեռանվտանգություն» թեմայով դասընթացների շարք՝ նախատեսված ՀՀ ՊԵԿ ծառայողների համար։

Դասընթացի ընթացքում ներկայացվում են տեղեկատվական և կիբեռանվտանգության հիմնարար սկզբունքները, դրանց պահպանման կարևորությունը, հնարավոր խախտումների հետևանքները և սահմանված պատասխանատվության շրջանակները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձնական և ծառայողական տվյալների պաշտպանությանը, թվային ինքնության պահպանմանը և կիբեռհարձակումների կանխարգելմանը։

Մասնակիցներին ներկայացվում են կիբեռանվտանգության հիմնական մոտեցումները, գաղտնաբառերի անվտանգության ապահովման սկզբունքները, ֆիշինգ հարձակումների և այլ կիբեռսպառնալիքների ճանաչման մեխանիզմները, ինչպես նաև տվյալների գաղտնիության, ամբողջության և հասանելիության ապահովման միջոցները։ Քննարկվում են նաև մոնիթորինգի և արձագանքման գործընթացները, տեխնիկական պատասխանատվության շրջանակները և տեղեկատվության հետ աշխատելու անվտանգ գործելակերպը։

Դասընթացի նպատակն է բարձրացնել ՀՀ ՊԵԿ ծառայողների գիտելիքներն ու կարողությունները տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում՝ նպաստելով տեղեկատվական արտահոսքի ռիսկերի նվազեցմանը և կազմակերպության ընդհանուր անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Դասընթացը վարում են «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը և նույն դեպարտամենտի կիբեռանվտանգության մասնագետ Արման Մուրադյանը։