«Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի աջակցությամբ դեկտեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցավ «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ ՊԵԿ «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների», «Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության», «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության» և «Մաքսանենգության դեմ պայքարի վարչության» մաքսային ծառայողների համար։
«Կանաչ մաքսատուն» թեմայում ընդգրկված են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եվ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիան, ինչպես նաև Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի բազմակողմ բնապահպանական համաձայնագրերը, որոնցով էլ պայմանավորված դասընթացը վարեցին բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներ Տաթևիկ Կիրակոսյանը, Արտակ Խաչատրյանը, Շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Լուսինե Աղաջանյանը և ՀՀ ՊԵԿ «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության» ցամաքային անցման կետերում աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև 2021 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ համագործակցության հուշագիրը նվիրված է «Կանաչ մաքսատուն» նախաձեռնությանը։ Այն վերաբերում է բոլոր այն բնապահպանական կոնվենցիաներին, որոնք ունեն առևտրին վերաբերող դրույթներ և պահանջում են մաքսային հսկողություն։
2026 թվականի աշնանը Հայաստանում անցկացվելու է այս թեմայում ընդգրկված կոնվենցիաներից մեկի՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ հանդիպումը։