«Կանաչ Մաքսատուն նախաձեռնություն» թեմայով դասընթաց
Ապրիլի 19-ին Ուսումնական կենտրոնում կայացավ «Կանաչ Մաքսատուն նախաձեռնություն» թեմայով դասընթաց՝ ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդայան տրանսպորտով տեղափոխումներ իրականացնող վարչության մաքսային ծառայողների համար:
Դասընթացի նպատակն էր բնապահպանության ոլորտում ապօրինի առևտրի, ինչպես նաև այդ բնագավարում հանցագործությունների աճի կանխման վերաբերյալ գիտելիքների փոխանցումը, որոնք միջազգային հարթակում ևս համարվում են բարդագույն խնդիր: Ոլորտի նկատմամբ մասնագիտական հետաքրքրության ավելացումը անհրաժեշտություն է, քանի որ լինելով համապատասխանության ստուգման և իրավակիրառման շղթայի առաջնային դերակատար՝ մաքսային ծառայողները ապօրինի առևտրի դեմ պայքարում առանց կանխարգելման և հետաքննական համարժեք կարողությունների անկարող են արդյունավետորեն իրականացնել իրենց գործառույթները: Ուստի այսպիսի դասընթացների միջոցով նրանց կարողությունների ավելացումը կենսական կարևորություն ունի գործառույթների պատշաճ կատարման համար:
Դասընթացը վարեց ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ, Ուսումնական կենտրոնի դասընթացավար Լիլիթ Ղազարյանը։