ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց ՀՊՏՀ ուսանողներին
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց ՀՊՏՀ ուսանողներին՝ կազմակերպելով մասնագիտական ճանաչողական այց։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մաքսային ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մաքսային գործընթացների փուլերը, կիրառվող հսկողական մեխանիզմները, ինչպես նաև նրանց հնարավորություն տալ լսելու ոլորտի փորձառու մասնագետների հետ։
Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ամփոփ պատկերացում կազմել ինչպես տեսական, այնպես էլ գործնական գործընթացների մասին։ Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց վարչության աշխատանքների բովանդակությունն ու առանձնահատկությունները՝ ընդգծելով հետբացթողումային հսկողության դերակատարությունը մաքսային ոլորտում։
ԱՏԳՄՍՀՎ Դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոն-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանը ներկայացրեց ապրանքների դասակարգման գործընթացը, ԱՏԳ դասակարգիչի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև մաքսասակագնային քաղաքականության կարևոր տարրերը։ Նրա ներկայացրած գործնական օրինակները ուսանողներին հնարավորություն տվեցին տեսնելու, թե ինչպես է իրականացվում ապրանքի ճիշտ կոդավորումը և ինչ նշանակություն ունի այն մաքսային ձևակերպումների համար։
ՊՍՑԱԿՄՍՀՎ Մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նարեկ Մանուչարյանը ուսանողներին ծանոթացրեց մաքսային հսկողության ժամանակ կիրառվող տեխնիկական սարքավորումներին՝ վերջիններիս նշանակությանը, գործարկման կարգին և կիրառման արդյունավետությանը հսկողական գործընթացներում։
Այցելության ավարտին «Ուսումնական կենտրոն»-ի կրթական ծրագրերի մշակման և կառավարման բաժնի պետ Գոռ Վարդանյանը ներկայացրեց Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կրթական ծրագրերի կազմավորման մոտեցումները, ինչպես նաև «Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացի կառուցվածքն ու անցկացման կարգը։ Նա առանձնահատուկ շեշտեց կրթական ծրագրերի նպատակադրումները, ուսումնական գործընթացում կիրառվող նորարարական մեթոդները և կարիերային հնարավորությունները՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրվածությանը մաքսային ծառայության հանդեպ։
Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, ինչը վկայում են նրանց ակտիվ հարցադրումները և մասնագիտական երկխոսությունը։