ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը հանդիպել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ
Հարկային և մաքսային բարեփոխումների հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ, որի նպատակն է իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և նոր մասնագիտություն ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
Այս ձևաչափով առաջին մարզային հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ 2023թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Ուսումնական ծրագրերի համակարգողներ Արուս Հակոբյանը և Լիլիթ Պողոսյանը:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ համակարգում առկա ծրագրերը և հնարավորությունները, որոնք կարող են նպաստել վերջիններիս մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:
Արթուր Հակոբյանը կիսվեց իր փորձով՝ կենտրոնանալով ՊԵԿ հարկային ոլորտին վերաբերող գործառույթներին, իսկ Լիլիթ Պողոսյանը ներկայացրեց Ուսումնական կենտրոնում կազմկերպվող դասընթացները:
ՊԵԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պետական համակարգում աշխատելու կարևոր շարժառիթներից է պետականամետ գործունեության կատարումը և պետության զարգացման գործում սեփական ներդրման գիտակցումն ու պատասխանատվության ստանձնումը: