ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
20 November 2025

Հանդիպում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում

 

  Այսօր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»: Հանդիպման նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել ՊԵԿ գործունեության հիմնական ուղղություններին, հարկային ու մաքսային գործընթացներին, ինչպես նաև ընդգծել դրանց կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։

  Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության Մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալ Արփի Ավետյանը աշակերտներին ներկայացրեց ՊԵԿ-ի գործունեության առանցքային ուղղությունները՝ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործումը, բիզնես միջավայրի բարելավումը, պետական եկամուտների արդյունավետ հավաքագրումը և երկրի տնտեսության կայուն զարգացման ապահովումը։ Նա ընդգծեց նաև ՊԵԿ-ում իրականացվող թվայնացման գործընթացի կարևորությունը՝ ներկայացնելով այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են քաղաքացիների, տնտեսվարողների և պետական կառույցների համար։

  «Ուսումնական կենտրոն»-ի կրթական ծրագրերի մշակման և կառավարման բաժնի պետ Գոռ Վարդանյանը ներկայացրեց Կենտրոնի գործունեությունն ու կրթական ծրագրերը՝ նպատակ ունենալով ընդլայնել  աշակերտների գիտելիքները և նրանց պատկերացումն առավել ամբողջական դարձնել Ուսումնական կենտրոնի  գործունեության վերաբերյալ։

  Հանդիպման ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը։ Աշակերտներին ներկայացվեց, թե ինչպես է իրականացվում մաքսային և հարկային վերահսկողությունը, ինչ մեխանիզմներով են գնահատվում ռիսկերը և ինչպես է համակարգը ապահովում արագ, թափանցիկ և պատշաճ վարչարարություն՝ առանց ավելորդ միջամտությունների։ Քննարկվեցին նաև ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումները և տվյալների վերլուծության կիրառումը։

  Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին ներկայացված տեղեկատվությունը և բարձր գնահատեցին կառույցների աշխատանքները՝ առանձնապես ընդգծելով Կոմիտեի նորարարական լուծումները և ապագա մասնագիտական զարգացման կրթական հնարավորությունները։ Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

  Հանդիպումը կարևոր հետք թողեց աշակերտների վրա՝ նպաստելով ազգային արժեքների, պատասխանատվության բարձր զգացման և հանրային ծառայության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։ Աշակերտները հնարավորություն ունեցան խորապես հասկանալու պետական կառույցների նշանակությունն ու դերը երկրի կայուն զարգացման մեջ, ինչն իր հերթին խթանեց նրանց գիտելիքների ընդլայնումը, բարոյական նորմերի ամրապնդումը և քաղաքացիական գիտակցության զարգացումը։