ՀԱՀ ուսանողները հաջողությամբ իրականացրեցին ավարտական նախագծային աշխատանքը Պետական եկամուտների կոմիտեում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության շրջանակներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները հաջողությամբ իրականացրեցին ավարտական նախագծային աշխատանքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում` համադրելով ստացված կրթությունն ու գործնական փորձառությունը։
Նախագծի իրականացման ընթացքում Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները հետազոտական աշխատանքն իրականացրել են ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աջակցությամբ։
Ուսանողները ուսումնասիրել են հարկային համակարգի տարբեր գործընթացներ, մասնավորապես անդրադարձել են միջազգային հարկային համակարգում կիրառվող ապրանքների նույնականացման, դասակարգման գործիքակազմին՝ ծածկագրերին, որոնք կիրառվում են ապրանքների նույնականացման, վերահսկման և հարկման ճշգրտության ապահովման համար և ներկայացրել են իրագործելի առաջարկություններ, որոնք վերաբերում են ինչպես հարկային գործընթացների արդյունավետության բարձրացմանն, այնպես էլ ապրանքների սխալ դասակարգման նվազեցմանը, ապրանքներին վերաբերող տվյալների ինքնաշխատ մշակմանն ու ապրանքաշրջանառության թափանցիկության բարձրացմանը։
ՀՀ ՊԵԿ մասնագետները բարձր են գնահատել ուսանողների կատարած վերլուծությունները՝ նշելով, որ դրանց մի մասը կարող է հիմք հանդիսանալ ապագա բարեփոխումների ծրագրերի մշակման համար։
Ավարտական աշխատանքի ղեկավարը՝ Կարեն Սարկավագյանը, նշեց, որ բարձր են գնահատում պետական կառույցի հետ բաց և անմիջական համագործակցությունը, ինչն էապես նպաստել է ուսանողների մոտիվացված և արդյունավետ աշխատանքին։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը փաստեց, որ նախաձեռնությունը լավ օրինակ է պետության և բուհ փոխշահավետ համագործակցության համար՝ ուղղված խթանելու Կոմիտեի կարողությունների զարգացմանը և երիտասարդների մասնագիտական աճին։
ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը նշեց, որ ուսանողներին հնարավորություն են տվել գործնականորեն ծանոթանալ հանրային կառավարմանը, վեր հանել ուղղություններ՝ բարելավելու և նոր լուծումներ առաջարկելու համար։
Եռակողմ պատասխանատու համագործակցությունը արդյունքաստեղծ էր՝ փաստելով նմանատիպ ծրագրերի շարունակականություն կարևորությունը։