ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
6 November 2025

Դասընթաց ՊԵԿ Ուսումնական կենտրոնում՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց մաքսային ոլորտի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ «Պետական մարմնի խաղաղ ժամանակաշրջանից ռազմական ժամանակաշրջան անցում» և «Հրդեհային անվտանգության կանոնների ուսումնասիրություն» թեմաներով։

Ժամանակակից աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներն ու դրանցից բխող հնարավոր արտակարգ իրավիճակները պահանջում են համապատասխան պատրաստվածություն և օպերատիվ արձագանքման հմտություններ։ Այս համատեքստում դասընթացը համարվում է արդիական և անհրաժեշտ՝ ուղղված մասնագիտական գիտելիքների ու գործնական կարողությունների բարձրացմանը։

Դասընթացը վարեցին ՆԱՎ զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի պետի տեղակալ Մհեր Քամալյանը և նույն բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նաիրա Պողոսյանը։ Մասնագետները մանրամասն ներկայացրեցին նշված թեմաների իրավական և գործառնական հիմքերը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործողություններին և արտակարգ իրավիճակներում կատարվող աշխատանքներին։

Բացի տեսական մասից, մասնակիցները ստացել են հրդեհային անվտանգության վերաբերյալ գործնական խորհուրդներ՝ ուղղված խուճապի կանխարգելմանը, արագ կողմնորոշմանը, ճիշտ գործողությունների իրականացմանը և հնարավոր վնասների նվազեցմանը։ Դասընթացի ավարտին ցուցադրվեց «Կրակմարիչներ» ֆիլմը, որին հաջորդեց հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ փոփոխված իրավիճակներում իրենց գործառույթների իրականացման վերաբերյալ։

Դասընթացը գնահատվել է առավելագույն միավորով մասնակիցները գրավոր ձևաչափով արտահայտել են գոհունակություն և ընդգծել նմանատիպ միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։