ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
14 March 2024

«Բաց աղբյուրով ինտերնետի ուսումնասիրության ներածություն» թեմայով դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը մարտի 11-ից 15-ը կազմակերպեց «Բաց աղբյուրով ինտերնետի ուսումնասիրության ներածություն» թեմայով 5-օրյա դասընթաց՝ մաքսային ծառայողների և  մաքսանենգության վարչության աշխատակիցների համար՝ ՊԵԿ միջազգային հարաբերությունների,  Կանադայի դաշնային ոստիկանության ազգային հետախուզության/Գլոբալ նախաձեռնությունների ստորաբաժանումների հետ համագործակցության շրջանակներում:  

Դասընթացի նպատակն էր ՊԵԿ աշխատակիցներին զինել  ինտերնետի բաց աղբյուրի միջոցով արդյունավետ ուսումնասիրություն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և հմտություններով։ Մասնակիցներին ներկայացվեցին որոնման համակարգերի հիմնական մոդելներ, մետատվյալներ և exif տվյալների քարտեզագրման գործիքներ, ինչպես նաև ռիսկերի առցանց նվազեցման, պրոֆիլի ստեղծման ու պահպանման  ռազմավարություններ։

Դասախոսությունների, գործնական վարժությունների և աշխատակայանի տեղադրման ցուցադրության միջոցով ծառայողները ձեռք բերեցին գործիքներ բաց աղբյուրի միջոցով առօրյա աշխատանքային պարտականությունները կատարելու համար։  

ՀՀում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն դիմելով մասնակիցներին՝ կարևորեց Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը՝ հետագա համատեղ ջանքերի ամրապնդման ակնկալիքով։ Դեսպան Թըրներն ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը որպես միտում՝ ուղղված ամրապնդելու իրավապահ մարմինների կարողոթյունները ողջ աշխարհում։

ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը  իր ելույթում ընդգծեց այսպիսի համագործակցությունների և վերապատրաստումների  դերակատարումը՝  աշխատաշուկայում նոր փորձառություններ ձեռք բերելու համար։ Պարոն Մուրադյանը անդրադարձավ  ՊԵԿ-ի այն հանձնառությանը, որն ուղղված է ծառայողների շարունակական ուսուցման և առաջխաղացման մշակույթի զարգացմանը։

Վերապատրաստման դասընթացի ավարտվին տեղի ունեցավ հավաստագրերի շնորհման միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց ձեռքբերումներով և ևս մեկ անգամ փաստեցին իրենց նվիրումը աշխատանքին։ Վերոնշյալը խորհրդանշում է նաև միջազգային համագործակցության էական  ազդեցությունը իրավապահ մարմինների ուսուցման գործում։

Պետական եկամուտների կոմիտեն հիմնվելով այս հաջողված  փորձի վրա՝ ակնկալում է ընդլայնել հետագա համագործակցությունը կանադացի գործընկերների հետ։ Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են ինտերնետ տեխնոլոգիաների արագ զարգացող լանդշաֆտին հարմարժեք լինելու և թվային դարաշրջանի մարտարհրավերներին դիմակայելու համար՝ ծառայողների պատրաստվածությունը ապահովելու միջոցով։