Այսօր Ուսումնական կենտրոնում մեկնարկեց նոր և արդիական դասընթաց արտահանողների համար
Այսօր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում մեկնարկեց նոր և արդիական հնգօրյա դասընթաց, որի նպատակն է աջակցել Հայաստանի արտահանող ընկերություններին՝ զարգացնելու իրենց կարողությունները միջազգային շուկաներում հաջողությամբ գործելու համար։
Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի կառավարության աջակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ։
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին՝
- ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը,
- ՀՀ ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը,
- GIZ Հայաստան «Կայուն տնտեսական զարգացում, ուսուցում և զբաղվածություն» ոլորտի համակարգող Սվենյա Վայրաուխը։
Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նմանատիպ կրթական ծրագրերի դերը պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության ձևավորման գործում և նշեց,- «Համաշխարհային տնտեսությունում հաջողությունը պահանջում է ոչ միայն որակյալ ապրանք, այլ նաև խորքային գիտելիք միջազգային չափանիշների, մաքսային ընթացակարգերի և շուկայի պահանջների վերաբերյալ։ Կրթությունն այն հիմնարար գործիքներից է, որի միջոցով կարելի է հասնել այդ հաջողությանը»։
Արտեմ Կարապետյանն իր խոսքում կարևորեց ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ փաստելով՝ «Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի այն նպատակը, որին հետևողականորեն ձգտում ենք՝ աջակցել արտահանող ընկերությունների կայուն զարգացմանը, բարձրացնել պետական և մասնավոր հատվածների կարողությունները և խթանել Հայաստանի ինտեգրումը միջազգային շուկաներում»։
Սվենյա Վայրաուխը ներկայացրեց ծրագրի լայն տարածաշրջանային համատեքստը՝ նշելով, որ EasTnT նախաձեռնությունը՝ «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակում, ուղղված է Հայաստանի արտահանողներին աջակցելուն և միջազգային առևտրի խթանմանը։ Այս առաջնահերթությունները հիմք են ծառայել նաև ընթացիկ դասընթացի մշակման ժամանակ։
Դասընթացի առաջին օրը միջազգային փորձագետներ Իրակլի Ծիկորիձեն և Գիորգի Չիտաձեն ներկայացրեցին Վրաստանի տարանցիկ կարգավորումները և նոր համակարգված տարանցիկ համակարգը։
Նրանք անդրադարձան Վրաստանի տարածքով ապրանքների տարանցման հիմնական կարգավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերին, նոր համակարգի առավելություններին, առցանց գործիքներին, պաշտոնական պորտալներին և այլն:
Առաջիկա օրերին փորձագետները կխոսեն ԵՄ-ի, Կանադայի և ԱՄՆ-ի շուկաներ մուտք գործելու համար սանիտարական և ֆիտոսանիտարական (SPS) պահանջների և տեխնիկական առևտրային խոչընդոտների, կենդանական և ոչ կենդանական ծագման ապրանքների համար ԵՄ իրավական շրջանակների, սերտիֆիկացման պահանջների, ԵՄ երկրներ, ԱՄՆ և Կանադա արտահանման գործընթացներին վերաբերելի այլ թեմաների մասին: