ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
13 July 2023

Ավարտվեց «Դասընթաց դասընթացավարների համար» ծրագիրը

  Բանիմաց դասընթացավարների մեր հերթական խումբը ավարտեց «Դասընթաց դասընթացավարների համար» ծրագիրը:

 Դասընթացի նպատակն էր զարգացնել դասընթացավարների կարողությունները, ծանոթացնել կրթական նոր գործիքների ու մեթոդների՝ առավելագույնի հասցնելու վերջիններիս կողմից գիտելիքների և հմտությունների փոխանցման մակարդակը իրենց դասընթացների մասնակիցներին:

  Մասնակիցները ունեցան և՛ խմբային, և՛ անհատական  աշխատանքներ, մշակեցին իրենց դասընթացների թեմաներին  համահունչ գործիքներ:

   Դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը ընդհանուր առմամբ ներառում էր հետևյալը՝

Ուսուցման հմտությունների բարելավում-  դասընթացավարների կարողությունների զարգացում՝  մեծահասակների ուսուցման սկզբունքների, ուսուցման տեխնիկայի և վերապատրաստման մեթոդոլոգիաների կիրառմամբ:

Առարկայական օրակարգի ձևավորում-ճշգրիտ և արդիական տեղեկատվության փոխանցում, օպտիմալ մեթոդների կիրառում՝ դերային խաղեր, իրավիճակային վերլուծություններ, լսարանի ներգրավածությունը բարձրացնող կամ հոգնածությունը մեղմացնող վարժություններ:

Հաղորդակցման հմտությունների զարգացում-դասընթացավար լինելու կարևոր կողմ է  արդյունավետ հաղորդակցումը և նյութի հեշտ մատուցումը՝ ներառյալ ակտիվ լսելը, հարցադրման տեխնիկան և կառուցողական արձագանք տալը, խմբի և դժվարին մասնակիցների կառավարումը, դրական և ներառական ուսումնական միջավայի ապահովումը:

Դասընթացի արդյունքների գնահատում-դասընթացավարները պետք է կարողանան գնահատել իրենց դասընթացների ազդեցությունն ու արդյունավետությունը:

Շարունակական  զարգացման խթանում-դասընթացավարների վերապատրաստման նպատակը ոչ միայն նախնական հմտություններ և գիտելիքներ տրամադրելն է, այլև շարունակական ուսուցման և զարգացման մտածելակերպի ձևավորումը:

     Դասընթացը վարեցին Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը: Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել են կրթական ծրագրերով, դրանց որակի ապահովման, դասընթացավարների պատրաստման և վերապատրաստման ծրագրերով, մեթոդական ունակությունների զարգացման ծրագրերով՝ ուսուցիչների, ուսուցանողների, դասընթացավարների համար: Աշխատել են պետական, հասարակական և մասնավոր սեկտորիների կրթական ծրագրերում: Արեգը եւ Զարուհին մեթոդական ձեռնարկների, ուսուցողական գործիքների, մեթոդների հեղինակներ են: Որպես մենթորներ և քոուչեր աշխատում են կրթական ոլորտի տարբեր դերակատարների հետ՝ օգնելով բարձրացնել կրթական ծրագրերի արդյունավետությունն ու որակը, հարստացնելով դրանք ժամանակակաից, ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդական լուծումներով: Արեգը և Զարուհին որպես փորձագետներ և խորհրդատուներ աշխատել և աշխատում են Հայաստանում և արտասահմանում, պետական և ոչ պետական կառույցների, մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ, որոնց թվում են Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կրթական ծրագրերը: