ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
31 October 2025

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր

    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը  «Գրանթ Թորնթոն» Հայաստանի գրասենյակի հետ համատեղ՝ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է  աջակցել 2023 թվականի հակամարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին և ՊԵԿ աշխատակիցներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ:

   Այսօր տեղի ունեցավ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որի շրջանակներում մասնակիցներին  ողջունեցին ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը,  Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Մոսկվայում Թայվանի ներկայացուցիչ Գրեյս Չի ռու Լոն, Գրանթ Թորնթոն Հայասստանի գործընկեր Անի Հակոբյանը:

    ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղեկալ Վրեժ Մխիթարյանը կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դերակատարումը ՊԵԿ աշխատակիցների և գործընկերների շարունակական մասնագիտական զարգացման գործում «Մեր համոզմամբ՝ մարդկային կապիտալի զարգացումը պետական կառավարման արդիականացման հիմնասյուներից մեկն է, և այս նախաձեռնությամբ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն մասնագիտական կարողությունների ամրապնդման, այլև համագործակցության, փոխօգնության և ներառականության մշակույթի ձևավորման գործում»։

   ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացու խոսքերով ծրագիրը ներկայացնում է բանկի ռազմավարական մոտեցումներից մեկը՝ նպատակ ունենալով ապահովել փախստականների արդյունավետ ինտեգրումը տեղական աշխատաշուկայում«Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել փախստականներին իրենց բարեկեցության պահպանման և զարգացման հարցում, իսկ իրականացվող մասնագիտացված ուսուցումը համահունչ է գործատուների և շուկայի պահանջներին՝ նպաստելով նրանց զբաղվածության մակարդակի և հմտությունների աճին»։

    Միջոցառման պանելային քննարկման  խոսնակներից ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը խոսեց ծրագրի հիմքում ընկած նպատակի, գործընթացների և կարևորության մասին. «Երբ դոնորը, գործատուն և պետությունը միավորվում են մի նախաձեռնության շուրջ, պետք է խոսել ու գործել ոչ միայն աշխատատեղ ստեղծելու, այլև ապագա ձևավորելու համար։ Այս նախաձեռնության դեպքում մեր հիմնական մարտահրավերը այն էր, որ ներառականությունը չդիտարկեցինք որպես խոչընդոտ, այլ՝ որպես ուժ, և հենց այդ մտածելակերպով էլ առաջ շարժվեցինք։ Այո՛, կային մշակութային, հոգեբանական, սոցիալական և այլ բնույթի մարտահրավերներ, սակայն մենք կենտրոնացանք կրթության վրա՝ այն համոզմամբ, որ կրթություն ապահովելով կարող ենք վերարժևորել մարդկանց առկա հմտությունները կամ փոխանցել նորերը։ Արցախահայերի կարիքների գնահատման արդյունքում պարզեցինք, որ նրանք  մեծ ներուժ ունեն, և մենք նպատակ դրեցինք լրացնել բացերը՝ հատկապես լեզվի և թվային հմտությունների ոլորտներում»։

   ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Աղեկյանը նշեց «Աշխատաշուկա մուտք գործելիս կարևոր է նախ ծանոթանալ գործատուի պահանջներին և ըստ դրանց ներկայացնել սեփական հմտությունները։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ գործատուները նորեկների համար ապահովեն լավ մենթորություն՝ աջակցելով նրանց հարմարվելու աշխատանքային միջավայրին և առավել արդյունավետ դառնալու գործընթացին»։

  Միջոցառման եզրափակիչ մասում «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը ներկայացրեց ծրագրի կառուցվածքն ու փուլերը՝ շեշտադրելով հաշվետվողականության և բարձր արդյունավետության ապահովման կարևորությունը։